Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական  յանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին այն հարցում, որ վերջինս, օգտագործելով Ե.Խ. կոնուենցիաներից մէկը, դատապարտեալ Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայից անմիջապէս յետոյ ազատ է արձակել:

Այս մասին տեղեկացնում է Ե.Խ.Խ.Վ. պաշտօնական կայքը: Միացեալ թագաւորութեան պատգամաւոր Քրիստոֆեր Չոպի զեկոյցի հիման կազմուած եւ Բրիւսելում անցկացուած  քննարկումների արդիւնքում ընդունուած բանաձեւում նշւում է, որ «Դատապարտուած անձանց արտայանձնման մասին» կոնուենցիայի 12-րդ յօդուածի կիրառումն ադրբեջանցի սպայ Ռամիլ Սաֆարովի դէպքում «միջազգային յարաբերութիւններում բարեխիղճ  սկզբունքների եւ օրէնքի գերակայութեան խախտում է»: Բանաձեւում նշւում է, որ Ռամիլ Սաֆարովը Ն.Ա.Տ.Օ.-ի դասընթացների շրջանակներում հայ սպայ Գուրգէն Մարգարեանին սպանելու համար 2007 թուականին դատապարտուել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրաւունքի: Հունգարիայում 8 տարի բանտարկուած մնալուց յետոյ նա արտայանձնուել էր Ադրբեջանին այն կոնուեցնիայի հիմունքներով, որը թոյլ է տալիս օտարերկրացի կալանաւորներին, մարդասիրական նկատառումներից ելնելով, տեղափոխել իրենց երկիր: Սակայն Ադրբեջան հասնելուն պէս Սաֆարովին դիմաւորել էին իբրեւ ազգային հերոսի եւ համաներում շնորհել նրան: Ե.Խ.Խ.Վ. մշտական յանձնաժողովի ընդունած բանաձեւում նշւում է, որ կոնուենցիան չի նախատեսում անմիջապէս ազատ արձակել բանտակայլներին հայրենիք վերադարձնելուց յետոյ:

2004 թուականի փետրուարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգէն Մարգարեանի սենեակը եւ կացնահարել քնած հայ սպային: Երկարատեւ դատական գործընթացից յետոյ 2006 թուականի ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտուել` 30 տարի առանց ներման իրաւունքի: Հունգարական դատարանը բազմիցս էր յայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտայանձնելու անհնարինութեան մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտայանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահ Ալիեւն անմիջապէս ներում շնորհեց, զինուորական բարձր կոչում տուեց եւ միանուագ վճարեց 8 տարուայ աշխատավարձը: Նոյն օրը պաշտօնական Երեւանը խզեց դիւանագիտական յարաբերութիւնները Բուդապեշտի հետ: